ՆԻԿՈԼԸ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ…

Իմ հոդվածներից շատերը հետեւություններ են արել, որ ես ու Նիկոլ Փաշինյանը կատաղի հակառակորդներ ենք` ինքը սպիտակ, ես` սեւ: Իրականում ես եւ Նիկոլ Փաշինյանը կիսելու բան չունենք, եթե չհաշվենք այն 300 հազար դրամը, որ Փաշինյանը, Օսիպյանի հետ «կիսովի», պարտք է ինձ: Երեւի հիշում եք, որ հեղափոխության օրերին մի հեղափոխական «Opel», համարները փակած, հարվածել էր իմ «Mitsubishi Galant»-ին ու թռել: 

Փաշինյանն ու Օսիպյանն ինձ խնդրեցին շատ չաղմկել` պայմանով, որ կնորոգեն մեքենաս: Նորոգեցի՞ն: Ովքե՞ր` Փաշինյանն ու Օսիպյա՞նը, կատա՞կ եք անում: Նրանք այդպես էլ մոռացան իրենց խոստումը, ու 300 հազարը մնաց «վզներին»: Իմ հարեւան Շմավոնը վկա է, որովհետեւ վթարի պահին գտնվում էր Մանկավարժական համալսարանի մոտ` խաչմերուկը փակողների շարքերում, եւ ինձ տեսնելով՝ հայտնի մակագրությամբ գլխարկը հանեց ու մտցրեց շալվարի մեջ:

Հա, ուրեմն, ես եւ Նիկոլ Փաշինյանը երդվյալ հակառակորդներ չենք եւ հարկ եղած դեպքում լավ էլ շփվում ենք: Քանի անգամ է ինձ սուրճի հրավիրե՛լ… Այս մասին էլ եմ գրել: Եվ ինչո՞ւ դա չեք հիշում, որ միայն քննադատական հոդվածներս եք աչքս մտցնում, թե` Նիկոլին չես թողնում աշխատի: Եկեք ձեզ մի գաղտնիք բացեմ: Եթե ուզում եք ճիշտն իմանալ, Նիկոլի տանձին էլ չէ, թե թերթերը, այդ թվում եւ ես, ինչ են գրում իր մասին: Հիշո՞ւմ եք, մի անգամ՝ Վրաստանի սահման գնալու ճանապարհին, Փաշինյանը «լայվ» էր մտել ու «ջգրվում» էր լրագրողների վրա, թե դուք` լրագրողներդ, ՔՊ-ի խաշ ուտելու պատմությունը դարձրել եք Հոռոմի էնիքը: Շատ լրատվամիջոցներ, որոնք անդրադարձել էին խաշի թեմային, վայ-վույը դրեցին, թե Փաշինյանը փակում է ազատ մամուլի բերանը, Հայաստանում ժողովրդավարությունը մեռավ ու նման բաներ: Ես այն ժամանակ միակն էի, որ գրեցի` մի վախեցեք, Փաշինյանն այդ մարդը չէ, եւ առհասարակ՝ նա չի եկել, որ ինչ-որ բան անի: Հակադարձեցին, թե տեսա՞ր, Քոչարյանին բռնեց: Տո ստի մերը տղա չբերի՞, թե Նիկոլը բռնեց Քոչարյանին: Այդ Քոչարյանն իր ոտքով եկավ եւ կանգնեց դատարանի առջեւ:

Բա ինչո՞ւ Միհրան Պողոսյանին չի կարողանում բռնել: Է՞լ ում է բռնել, Մանվելի՞ն: Ո՞ւ… Իսկ ինչո՞ւ չի բռնում 2008-ին Ազատության հրապարակում Ման-վել, Ման-վել, իսկ հետո` Լե-ւոն, Լե-ւոն վանկարկողին: Ախր, ինքն էլ այդ պահին կանգնած էր վանկարկողի կողքին եւ դեռ մի բան էլ ծափ էր տալիս: Հակադարձում էին` Նիկոլի նման տղա կա՞, «սկի», հրեն, Սերժի Վաչոյին փողերով բռնեց, Սաշիկից միլիոններն առավ… Բա ո՞ւր են էդ փողերը, բյուջեն ինչո՞ւ չի պայթում ավելցուկից: Այ, այսպիսի բաներ եմ գրում, որ ընթերցողի մեջ էլ թյուր կարծիք է առաջանում, թե Նիկոլի հետ չունեմ: 

Դեկտեմբերի 9-ի ընտրությունները, ասացին, աննախադեպ էին մեր նորանկախ պատմության մեջ: Մարդը 70 տոկոս քվե է ստացել, ասում են` խախտում չի եղել: Ձե՞ռ եք առնում ինձ: Գնացեք, Մուկուչյանին հարցրեք` ճանաչո՞ւմ է, արդյոք, իր պատգամավորին: Բա որ Մուկուչյանն ու նրա նման հարյուր հազարներ չեն ճանաչում իրենց պատգամավորներին, ինչպե՞ս են ձայն տվել: Հա ա ա՛, Նիկոլին են ձայն տվել: Ես էլ դա եմ ասում, որ դրանք ընտրություններ չէին, այլ, Աբովյանի ասած` «էշի հարսանիք», որին մասնակցում էր էյֆորիայի մեջ ընկած մի ողջ ժողովուրդ, եթե կուզեք` Մուկուչյանի նման մաթեմատիկոսի ղեկավարությամբ:

Արդեն մոռացա, թե ինչ էի ուզում ասել: Հա, ինձ մեղադրում են, որ Փաշինյանի հետ «չունեմ»: Մոռացեք, դա թյուրիմացություն է, իրականությունը սխալ պատկերացնելու հետեւանք: Ես կարող եմ չունենալ իմ հարեւան Շմավոնի հետ, որը, օրինակ, իմանում է վերեւում նկարագրված վթարի մասին, բայց չի հայտնում, որովհետեւ ինքն էլ ինձ հետ չունի` չգիտես ինչու: Ես ինչպե՞ս կարող եմ ունենալ կամ չունենալ վարչապետ մարդու հետ: Պետական գործիչը՝ ո՜ւր, լրագրողը՝ ո՜ւր: Շատ էլ, թե ազգանվանս պոչին ավելացնում են` «հրապարակախոս»: Սուտ բան է: Փաշինյանը պետք է թերթ կարդա, իմանա, թե էդ մարդն ինչ է գրում, ինչ է մտածում իր մասին, որ արձագանքի: Ինձ մեկ-մեկ թվում է, որ վերջին մեկ տարում ինչ ասել` պատին եմ ասել: Վերջերս մի հատ խոսնակ բերեց ՀԱԿ-ից` իրենից ավելի ստախոս: Էս խոսնակը փչել էր, որ Նուր Սուլթանում Պուտինը բոլորից շատ Փաշինյանի հետ է շփվել: Մեիդը փռեցի (խոսնակի), բայց Փաշինյանի հեչ «վե՞ջն» էր:

Չգիտեմ, գուցե Փաշինյանից պահանջներս շատ են: Իր մասին գրողներին թիվ չկա այսօր… որ բոլորին պատասխանի` ո՞ւր կհասնի: Դա ճիշտ է, իհարկե, բայց Փաշինյանը կարող է, չէ՞, այնպիսի քայլ անել, որ լրագրողը, ոչ բարով «հրապարակախոսը» զգա, որ իր գրածը պատից հետ չի դառնում: Այս պահին, օրինակ, ձեռքիս տակ է մի խայտառակ փաստաթուղթ, որը, եթե հրապարակեմ իմ մեկնաբանությամբ, Փաշինյանից ահագին փետուրներ կպակասեն: Դա Փաշինյանին հայտնի փաստաթուղթ է, կոչվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (ճանապարհային քարտեզ)»: Չնայած ճոռոմ վերնագրին (ՀՀ վերականգնումը ո՞րն է), փաստաթղթում խոսվում է ՀՀ պետական ինստիտուտները, դատական, կրթական համակարգերը, ուշադրություն, «կազմաքանդելու» մասին: Ո՞վ էր ասում, որ Փաշինյանի կառավարությունը ծրագիր չունի:

Իսկ ի՞նչ է այս 65 էջանոց փաստաթուղթը, որ դեռ դեկտեմբերին հեղինակել են, մեր լեզվով ասած` սորոսական այլանդակությունները, որոնք դեռ այն ժամանակ են խոսել «վեթթինգի» մասին: Ուրախ կլինեմ, եթե Փաշինյանն առաջինը խոսի այս փաստաթղթի մասին եւ մեկիկ-մեկիկ բացատրի իր այն քայլերը, որ մինչ օրս անում է այդ «ճանապարհային քարտեզով»:
Այսօր` այսքանը: Սիրում եմ բոլորիդ:

Էդիկ Անդրեասյան

Be the first to comment on "ՆԻԿՈԼԸ ՄԵՐ ԸՆԿԵՐՆ Է, ԲԱՅՑ…"

Leave a comment

Your email address will not be published.


*